Գրքեր

Արևն արտացոլվում է մաքուր ջրերում, իսկ երկնայինը` մաքուր սրտերում

Ծեր վանականներից մեկը նշում է, որ ճշմարտությունը թանկագին արժեք է և ոչ բոլորի մոտ այն կգտնենք խոսքով: Յուրաքանչյուր մարդ ինչպես ապրում է, այդպես էլ խոսում է: Խոսքերի ճշմարտացիությունը ճանաչվում է մարդու կյանքի ապրելակերպից: Երկրային բոլոր բարիքներից մարդիկ ավելի շատ սիրում են կյանքը: Այն ավելի են սիրում, քան ճշմարտությունը, չնայած առանց ճշմարտության կյանք չկա: Հետևաբար, կյանքը բարձրագույն բարիք է, իսկ ճշմարտությունը` կյանքի հիմքն է: Ճշմարտությունը փնտրել, նշանակում է` փնտրել աստվածային սիրո ուղին: Բայց ճշմարտությունը փնտրել, որպեսզի այն դարձնել գործիք, նշանակում է ճշմարտությունը փնտրել հանուն ինքնաարդարացման: Սակայն վերջինս կապ չունի ճշմարտության հետ, այլ՝ կեղծ բարեպաշտության և եսասիրության: Բարոյական մաքրման միջոցով հավատքի ճշմարտություններն ավելի ու ավելի հստակորեն են բացահայտվում: Արևն արտացոլվում է մաքուր ջրերում, իսկ երկնայինը` մաքուր սրտերում: Այն դատարկությունը, որի մեջ մնում է մարդու հոգին, նույնիսկ ամբողջ աշխարհը չի կարող լցնել, եթե Աստված ներկա չէ այդտեղ: Երբեմն մարդն իրեն միայնակ է զգում նույնիսկ մարդկանց շրջապատում, որովհետև մարդը ստեղծվել է առաջին հերթին Աստծու հետ հաղորդակցության մեջ լինելու համար: Եվ քանի դեռ չի դարձել դեպի Երկնավոր Հայրը, չի ճանաչել Նրան, չի կարողանա ազատվել այդ միայնությունից: Աստծուն սիրելու պատվիրանը անձին կազատի միայնության ծանր, անհասկանալի զգացումից: Միայն սերն առ Աստված և դրանից ծնված սերը դեպի մարդիկ նրա սիրտը կդարձնի դեպի մերձավորները, կսովորեցնի զգալ նրանց ցավը, ապրել, արժևորել նրանց տառապանքը, ուրախանալ նրանց խնդությամբ և հաջողությամբ` դառնալով նրանց բարեկամը և մտերիմը: Եթե մարդը թողնի Աստծուն և սկսի օգնություն փնտրել իր նմանների մեջ, որոնք անկատար են, ինչպես ինքը` հենվելով և հուսալով նրանց վրա, այլ ոչ թե վստահել և հուսալ Աստծուն, այդժամ նրան սպասում են վիշտ և հիասթափություն, վրդովմունք և արցունքներ ու նորից անհասկանալի տանջանք և լքվածության զգացում: Ինչո՞ւ, որովհետև միայն և միայն Աստծուն պետք է պատկանի մարդու սիրտը, քանի որ դրա մեջ է բարձագույն բարին, կյանքը, երջանկությունը: Աստված իր համար չէ որ արդպես է կամենում, այլ հանուն մարդու, որպեսզի մեր ուրախությունը կատարյալ լինի և ոչ ոք չկարողանա այն վերցնել մեզանից: Աստված հենց կյանք է: Միայն Նա ունի կյանքի բանալին և այն տալիս է մեզ, որպեսզի հավիտենական կյանք ունենանք: Մնացյալները` թե′ հրեշտակները, թե′ մարդիկ չունեն այդ կյանքը: Մենք գոյություն ունենք միայն այն պատճառով, որ Նա մեզ կյանք է տալիս, բազմապատկում է այն մեր ներսում: Եվ դրա համար է, որ մարդու հոգին ձգտում է դեպի Կյանքը` Երկնավոր Հայրը, դեպի իր անսահման երջանկության ուղին: Ուստի, ինչ պարագա էլ լինի, մարդը միայնակ չէ: Միայնակ է նա, ով Աստծուն չի ընդունում և ճանաչում, թեև կարող է անհամար ընկերներ ունենալ: Նույնիսկ ամենավատ մարդն իր կյանքում երեք անգամ հիշում է Աստծուն: Երբ իր մեղքի պատճառով մի արդար մարդ է տառապում: Երբ ինքն է տառապում ուրիշի մեղքի պատճառով: Եվ երբ իր մահվան ժամն է հասնում: Բայց նրանք, ովքեր Աստծուն չեն հավատում և ընդունում, սրբակյաց Նիկոլայ Սերբսկին ասում է` բարեկա՛մ, դու սխալ ես ասում, թե Աստված չկա: Ավելի ճիշտ է ասել, թե ես Աստծուն չունեմ, քանի որ տեսնում ես, որ քո շրջապատում ապրող շատ մարդիկ զգում են Աստծո ներկայությունը և ասում. «Աստված գոյություն ունի»: Հետևաբար, Աստծուն ինքդ չունես, այլ ոչ թե առհասարակ բոլորը: Դու ասում ես այնպես, կարծես թե հիվանդն ասում է. «Աշխարհում առողջություն չկա»: Նա, չի ստում, եթե միայն ասում է, որ առողջություն չունի, բայց եթե ասում է. «Աշխարհում առողջություն չկա», ստում է: Դու ասում ես այնպես, կարծես թե աղքատն ասում է. «Աշխարհում ոսկի չկա»: Ոսկի կա, ինչպես երկրի վրա, այնպես էլ հողի տակ: Ով ասում է, որ ոսկի չկա, ճշմարտությունը չի ասում: Իսկ եթե ճշմարտությունն է ասում, պետք է ասել. «Ես ոսկի չունեմ»: Այդպես էլ, ի՛մ ընկեր, սխալ ես ասում. «Աստված չկա»: Քանի որ եթե չունես որևէ բան, չի նշանակում, որ ոչ ոք այն չունի, և աշխարհում նման բան չկա: Իսկ ո՞վ քեզ իշխանություն տվեց խոսելու ամբողջ աշխարհի անունից: Ո՞վ է քեզ տվել քո հիվանդությունը և աղքատությունը պարտադրել բոլորին: Եթե ​​ընդունես և ասես. «Ես Աստծուն չունեմ, ճշմարտությունը կընդունես, և դա կլինի քո խոստովանությունը»: Եթե մարդ չի տեսնում իր մեղքերը, չի նշանակում, որ դրանք չունի: Դա նշանակում է, որ մարդ ոչ միայն մեղքերի մեջ է, այլև հոգևոր կուրության մեջ է: Արդ, անհավատությունն Աստծո հանդեպ մարդու հոգին լցնում է միայնությամբ, ձանձրույթով, հոգնածությամբ, թեև հոգնածությունը կարող է լինել տարբեր` և՛ վատ, և՛ լավ: Վատ, երբ հասկանում ես, որ դու ունայնությունից սպառվել ես: Սպառվել ես գործերից, որոնք քո հոգին անհանգստացրել են, որոնք, հնարավոր է և օգտակար են եղել նյութական տեսանկյունից, բայց դրանք, ըստ էության, ոչինչ չեն տվել սրտին: Իսկ հոգնածությունը կարող է լինել լավ, երբ գոյություն ունի վստահություն, որ ամեն ինչ արվում է հանուն Աստծո և մերձավորների: Երբ հնարավոր է, որ մարմնումդ նույնիսկ ուժ չի մնացել, բայց հոգումդ խաղաղություն, խնդություն և հանգստություն է տիրում: Խաղաղությունն Աստծո հետ իրական հանգստությունն է մեր կյանքում: Ով իր հոգում կրում է Սբ. Հոգու խաղաղությունը, նա իր շրջապատին էլ է հաղորդակից դարձնում այդ խաղաղությանը, իսկ ով իր ներսում կրում է չար ոգու խավարը, նա մյուսների վրա էլ է ներգործում այդ չարությամբ: Բայց ով հավատում է Աստծուն, աստվածային լույսը վանում, պաշտպանում ու հեռացնում է նրանից այդ խավարը: Ուրեմն, ինչպես Պողոս առաքյալն է նշում՝ հավատով արդարացված խաղաղություն ունենանք Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսով (Հռոմ. 5.1):

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

06.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․